Հայկական մշակույթի նվիրյալը
Ամփոփում
Գրիգոր Փիթեջյան. սփյուռքի անսահման սիրահար մտավորականներից մեկը, մոլեռանդ հայրենասեր, անսահման բարեպաշտ ու ազնիվ մի հոգի, հասարակական գործիչ ու խմբավար, կոմպոզիտոր, անվանի երաժշտագետ և հեղինակ բազմաթիվ հոդվածների ու արժեքավոր աշխատությունների: Ծնվել է 1935թ-ին, Ալեքսանդրիայում (Եգիպտոս): Մանկուց սիրել է երաժշտությունը, դպրոցում սիրած առարկան երգն էր: Երաժշտության ուսուցիչը՝ այժմ ֆրանսաբնակ Կարպիս Ափրիկյանը, Գրիգոր Փիթեջյանին ընդունում է «Յառաջադիմական» ակապելա երգչախմբի անդամ, և նա առնչվում է հայ ժողովրդական երաժշտության նմուշներին: Մայրը՝ տիկին Մարին, որ լավ գիտեր ազգային երգարվեստը, հավատացյալ էր և փոքրիկ Գրիգորին հաճախ էր տանում եկեղեցի, և շուտով Գրիգորը կապվում է եկեղեցուն և հոգևոր երաժշտությանը: