Սահակ Գ Ձորափորեցու «Այսօր երևումն» Խաչի շարականը և նրա վերակերտումները
Բանալի բառեր-:
Ս. Խաչ, Կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցի, Ն. Թաշճյան, Հ. Չերչյան, հայ հոգևոր երգաստեղծություն, շարական, մեղեդի, Կիլիկյան երաժիշտներ, երաժշտական բաղադրիչ, ռիթմա-ինտոնացիոն կառույցԱմփոփում
Հայոց կաթողիկոս և բանաստեղծերաժիշտ Սահակ Գ Ձորափորեցին (ԷԸ դդ.) ակնառու դեր է ունեցել հայ հոգևոր երգարվեստի զարգացման մեջ: Նրա գրչին են պատկանում Շողակաթի, Սուրբ Խաչի Վերացման, Վարագա Խաչի և Գյուտ Խաչի, ինչպես նաև Եկեղեցու տոներին նվիրված կարգերի գրեթե բոլոր շարականները։ Դրանք հիմնականում հայտնի են Ն. Թաշճյանի գրառմամբ, որ կատարվել են ԺԹ դարում հայկական նոտագրությամբ և վավերացվել Հայ Եկեղեցու կողմից։ Սակայն շարականների երաժշտական բաղադրիչը գրառել է նաև Հ. Չերչյանը ԺԹ դարում։ Մեր հոդվածը նվիրված է դրանց ամբողջական ուսումնասիրությանը, մեղեդիական ոճերի, ձայնեղանակային, ռիթմաինտոնացիոն և այլ առանձնահատկությունների բացահայտմանը։ Մեր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկու ձայնագրություններն իրար հարազատ են։ Առանձնակի հետաքրքրություն են հարուցում ծորերգային շարականները՝ նկատի առնելով Ն. Թահմիզյանի այն կանխադրույթը, որ ժամանակի ընթացքում Թաշճյանի որոշ գրառումներ ուռճացվել են նոր ոլորումներով։ Այս դիտակետից առավել ցցուն է Խաչվերացի «Այսօր երեւումն ճառագայթի մեծի նշանի Տեառն Աստուծոյ» շարականը, որն արտահայտում է Խաչի՝ որպես Տերունական ամենահաղթ նշանի փառաբանության խորհուրդը։ Ձորափորեցու շարականի երկու գրառումների երաժշտական բաղադրիչների համեմատական քննությունը բացահայտեց, որ Ն. Թաշճյանի նմուշին բնորոշ չափազանց հարուստ զարդոլորուն մեղեդին, ռիթմական ազատությունը, գրական տեքստից անկախ բազմահնչյուն եղանակավորումները, որ չափական միավորներով բազմակի գերազանցում են Չերչյանի ձայնագրության նույնական կառույցները, հաստատում են շարականի երաժշտական բաղադրիչի՝ հետագայում կրած փոփոխությունների մասին։ Այսու՝ մեր ուսումնասիրությունը վկայում է Հ. Չերչյանի նմուշի առավել հին և անաղարտ ակունքների մասին։ Միաժամանակ, շարականի մեղեդիական կերտվածքում մեր հայտնաբերած՝ հայ հոգևոր երգաստեղծության մեջ հայտնի ինտոնացիոն դարձվածքը հիմք է տալիս ենթադրելու, որ շարականի երաժշտական բաղադրիչը վերանայվել է Կիլիկյան երաժիշտների կողմից ԺԳԺԴ դդ.։ Ժամանակի ընթացքում «Այսօր երեւումն» շարականի գրական և երաժշտական բաղադրիչները քանիցս վերամարմնավորվել են։ Դրանցից առաջինում անանուն հեղինակները գրական բնօրինակին հարմարեցրել են երաժշտական բաղադրիչի քիչ վերափոխված տարբերակը՝ նրան տալով նոր ժանրային անվանում՝ մեղեդի, որ երգվում էր Ս. Պատարագի ընթացքում։ Ավելի ուշ շրջանում, վերափոխելով գրական տեքստը (կրճատելով առաջին մի քանի բառը) և այն համադրելով երաժշտական բաղադրիչի նոր տարբերակի հետ, անհայտ երաժիշտները կյանքի կոչեցին մեկ այլ ինքնուրույն ստեղծագործություն՝ «Նշանի Տեառն Աստուծոյ» Խաչի մեղեդին, որի հնագույն պահպանված օրինակը գտնում ենք Հ. Չերչյանի ձայնագրած «Տաղարանում»։ Այսպիսով՝ Ս. Խաչի Վերացման «Այսօր երեւումն» շարականը, որ հայ հոգևոր երգարվեստի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկն է, հետագա վերակերտումների արդյունքում վերածվել է Ս. Խաչին նվիրված մեղեդու՝ ուրույն տեղ զբաղեցնելով հայկական տաղային ստեղծագործության արժեքավոր նմուշների շարքում։
Հղումներ
Թահմիզյան Ն., Սահակ Ձորափորեցին և Խաչի ու Եկեղեցու շարականները, //Էջմիածին, 1980, ԺԱ, էջ 37-47:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, Ե-ԺԸ դդ., հ. Ա, Երևան., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1959։
Օրմանեան Մ. արք., Ազգապատում, հ. Ա, Կոստանդնուպոլիս, հրատ. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1912։
Աւետիքեան Գ., Բացատրութիւն շարականաց, ի Վենէտիկ, ի վանս Սրբոյն Ղազարու, 1814։
Տ. Թորգոմ պատրիարք [Գուշակեան], Սուրբք և տօնք Հայաստանեայց Եկեղեցւոյ (Համառօտ տեղեկութիւններ Հայաստանեայց Եկեղեցւոյ տօնելի Սուրբերու եւ Տէրունական տօներու մասին), Գ. տպագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, Կաթողիկոսութիւն Հայոց
Մեծի Տանն Կիլիկիոյ, 1981։
Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց, յօրինեալ ի Սրբոց Թարգմանչացն մերոց, եւ ի Սրբոց Հայրապետաց եւ ի Վարդապետաց, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի, Վաղարշապատ, 1875:
Թահմիզյան Ն., Սահակ Ձորափորեցին և նրա ավանդը հայ մասնագիտացված երգաստեղծության զարգացման մեջ, //Պատմա-բանասիրական հանդես, 1982, N 1, էջ 130-142։
Չերչեան Հ., Շարական (ձեռագիր, հայկական նոտագրութամբ), Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Հակոբոս Այվազյանի ֆոնդ, N 7:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – Մատենադարան (ՄՄ), ձեռ. N 1576, Շարական, 1328, Դրազարկ։
Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցւոյս Հայաստանեայց, ի Կոստանդնուպօլիս, ի տպարանի Յովհաննու Միւհէնտիսեան, 1853։
Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցւոյս Հայաստանեայց, ի Ս. Էջմիածին, 1861։
Բախչինյան Հ., Շարականի գրապատմական ուղին (5-14-րդ դարեր), Երևան, «Ամարաս», 2012։
Օրհներգեր. 7-11-րդ դարեր (գրաբար եւ աշխարհաբար), աշխատասիրությամբ Հ. Բախչինյանի, Երեւան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013։
Օրմանեան Մ. արքեպս., Ծիսական բառարան, Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 1979։
Թուղթ Կիւրղի եպիսկոպոսի Երուսաղէմայ առ Կոստանդեայ թագաւորն վասն երևելոյ Սուրբ Խաչին յերկնից. տե՛ս Գրիգորի վարդապետի Արշարունեաց եպիսկոպոսի արարեալ Մեկնութիւն ընթերցուածոցն Կիւրղի Երուսաղէմացւոյ գերաճաճանչ և սրբազան Հայրապետի, Կ. Պոլիս, 1727։
Մանուկեան Ա. արք., Հայ եկեղեցու տօները, Բ. տպագրութիւն, Թեհրան, 1980։
Գալուստեան Շ. արք., Մեծ Պահքի կիրակիների ոսկի շղթան եւ գունագեղ կիրակիներ եւ Հոգեգալուստ, Թեհրան, Թ. Հ. Թ. քրիստոնեական դաստիարակութեան բաժանմունք, 2007։
Մուշեղյան Ա., Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու երաժշտարվեստի արձագանքները կիլիկյան անանուն հեղինակի տաղում, /«Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» (գիտական հոդվածներ), Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հ. Բ, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատ., 2017, էջ 249-270։
Մեղեդիներ, տաղեր եւ գանձեր Հայաստանեայց Եկեղեցւոյ, կազմող՝ Զարեհ եպս. Ազնաւորեան, Անթիլիաս, հրատարակութիւն Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1990։
Չերչեան Հ., Տաղարան (ձեռագիր, հայկական նոտագրությամբ), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Նորագույն հավաքածու, ձեռ. N 103։
Սրբազան երգեցողութիւնք Հայաստանեայց Եկեղեցւոյ, դաշնաւորութեամբ Վ. Սարգսեանի, հ. Ա, Նիւ Եորք, 1966։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Աստղիկ Ալբերտի Մուշեղյան, Նանե Միքայելի Միսակյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.