Հայ-իրանական երաժշտական փոխառնչություններ

Հեղինակներ

  • Լիլիթ Վարդգեսի Երնջակյան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ; ԵՊԿ

Բանալի բառեր-:

Իրան, Հայաստան, պատմամշակութային կապեր, աշուղ, գուսան, ժանր, տաղաչափություն, ձայնակարգ, Մերձավոր և Միջին Արևելք, հայ կոմպոզիտորներ

Ամփոփում

Իրանի և Հայաստանի պատմամշակութային կապերը խոր ակունքներ ունեն: Գեղարվեստական մշակույթի ամենատարբեր բնագավառներում այդ կապերը յուրովի դրսևորում են ստացել և բազմակողմանիորեն արտացոլվել գրականության մեջ, պատմիչների աշխատություններում, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձաններում: Հարևան ժողովուրդների երաժշտական մշակույթների պատմական զարգացման ընթացքը հանգեցրել է մի շարք ընդհանուր երևույթների ձևավորմանը, որոնք հատկապես ակնառու են ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության զարգացած ժանրերի` մուղամների ու դաստգահների, աշուղական արվեստի, գործիքային-սազանդարային երաժշտության ոլորտում: Սկզբունքային ընդհանրությունները նկատելի են թե՛ ձևակառուցվածքային առանձնահատկություններում, թե՛ տաղաչափության մեջ, թե՛ երաժշտական բաղադրիչի ձայնակարգային հիմքում:
Իրանի մշակույթին են առնչվում նաև Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների առասպելաստեղծ մտածողության շրջանակներում ձևավորված երաժշտապատմողական ժանրերի` աշուղական սիրավեպ-դաստանների ծագումնաբանական հիմքերը: «Շահսանամի և Ղարիբի», «Խոսրովի և Շիրինի», «Ասլու և Քյարամի», «Աղվանի և Օսանի» փոխադարձ սիրո պատմությունները տարբեր ձևով են մեկնաբանվել հայ, պարսիկ և թուրքալեզու աշուղների ստեղծագործության մեջ, որոնց վերնագրերն իսկ տալիս են ժանրի մոդելավորումը:
Աշուղական սիրավեպի համատարած կենցաղավարումը Մերձավոր և Միջին Արևելքում մեծապես պայմանավորված է սինկրետիկ ժանրի կառույցում ընդգրկված կրոնածիսական ֆունկցիա ունեցող մի շարք բաղկացուցիչներով, արխետիպային մոտիվներով, որոնց հետագա յուրացումը տարբեր մշակույթների կողմից չի բացառում դրանց արխաիկ գոյաձևերի նմանատիպությունը:
Առանձնակի հետաքրքրություն ունեն հայ կոմպոզիտորական ստեղծագործության և մուղամաթի արվեստի փոխառնչությունները` արտացոլված ազգային երաժշտության այնպիսի դասականների մոտ, ինչպիսիք են Ա. Սպենդիարյանը, Ա. Խաչատրյանը, Գ. Եղիազարյանը:
Հայկական և իրանական ավանդական երաժշտարվեստներում հաստատված մշակութային իրողությունների օրինակով, հոդվածում քննարկվում են այն հոգևոր արժեքները, որոնք ներհյուսվելով Արևելքի արվեստագետների ստեղծագործությանը, տարբեր ժամանակափուլերում, մերձեցրել են քրիստոնյա և մահմեդական երաժշտական աշխարհները:
Ավանդական ժանրերի համեմատական հետազոտությունը, նոր հեռանկարներ է բացում մերձավորարևելյան երաժշտարվեստներում առկա խորքային մշակութաբանական հենքի բացահայտման համար:

Հեղինակի կենսագրությունը

Լիլիթ Վարդգեսի Երնջակյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ; ԵՊԿ

Ավարտել է՝ 1973-ին ԵՊԿ-ի տեսական-ստեղծագործական բաժինը (պրոֆ. Ռ. Աթայանի դասարանը), 1976-1980 թթ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկ.՝ արվեստագիտ. դոկտոր Տ. Վիզգո և արվեստագիտ. թեկնածու, պրոֆ. Ռ. Ա. Աթայան): 1982-ին պաշտպանել է թեկնածուական թեզը` «Մուղամաթի արվեստը հայ-իրանական երաժշտական կապերի տես ան կյունից» (Искусство мугамата в аспекте армяно-иранских музыкальных связей, Ташкент, 1982, Автореферат дисс.)։ Աշխատում է՝ 1980-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1982-ից՝ ԵՊԿ հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում: 1985-ից Հայաստանի կոմպոզիտորների միության նաև 2013-ից վարչության անդամ։ Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը` «Աշուղական սիրավեպը հայ-արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում», Եր., 2004 թ.: 2008 թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրի: 2013 թ.` ՀՀ Արվեստի վաս տակավոր գործիչ։ 2015-ից ICTM-International Council for Traditional Music (Ավանդական երաժշտության միջազգային խորհուրդ) անդամ, 2017 թ. Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից ակադեմիկոս, 2018-ից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կառավարման խորհրդի նախագահ։ Հեղինակ է՝ Հայ-Իրանական երաժշտական կապերի պատմությունից, Եր. 1991 թ., Հիմն Արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում, (համահեղինակ՝ Հ. Պիչիկյան), Եր., 1998 թ., Աշուղական սիրավեպը մերձավորարևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում, Եր., 2009 թ., Ալան Հովհաննեսի երաժշտությունն Արևելք-Արևմուտք մշակութային խաչուղիներում, Եր., 2015 թ.։

Հղումներ

Christensen A., L' Iran sous les Sassanides, Copenhague, 1944

Tahmizyan N. K., Barsegh Tchon and the Flourishing Song – Art in Armenia in VII Century, "Banber" Yerevan State University, 1973, N1

Ghevond Alishan, Shnorhali and his work, Venice, 1873

Tahmizyan N., Nerses Shnorhali: Musician and Composer, Yer., 1973

Yernjakyan L. V., From the History of Armenian-Iranian Musical Links, Yer., 1991

Tamburi Arutin, Treatise on Eastern Music, Translated from Turkish, Preface and Comments by N. Tahmizyan, 1968

Les Systemes de la Musique Traditionnelle de l'Iran, Teheran, 1973 (par M. Barkeshli)

Radif Vocale de la Musique Traditionnelle de l'Iran, Teheran, 1978 (par M. Massoudieh)

Islamic Spirituality: Manifestations, ed. by Seyyed Hossein Nasr, Crossroad. New York, 1991

Yernjakyan L. V., Pikichyan H., Hymn to the Sun, “Sahari” in Armenian Music, Yer., 1998

Yernjakyan L. V., Ashough Love Romance in the Context of Neareastern Musical Interrelations, Yer., 2009

See Armenian Classical Lyrics, vol. 2, Middle Ages (XII-XVII), Yer., 1988

Yernjakyan L. V., Music-Aesthetical Foundations of Sayat-Nova's Songs, in: Sayat-Nova - 300, Yer., 2012

Abovyan Kh., Collection of Works , vol.10, Yer., 1961

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-12-24